Մայիսի 24-ին կայացած Չեմպիոնների լիգայի որոշիչ խաղն իսկապես լարված ստացվեց, իր բարձր կարգին ու հարգին արժանի: Ինչ խոսք, հաղթեր «Աթլետիկոն», մրցաշրջանը նրա համար հանգիստ խղճով կարելի կլիներ գերազանցից էլ գերազանց համարել, բայց դե եվրոպականի եզրափակչում նրա այս պարտությունը կուտակած կապիտալից առանձնապես լուրջ բան էլ չպակասեցրեց:
Ի վերջո չմոռանանք, որ խաղի հիմնական ժամանակահատվածում ավելի շատ «Ռեալն» ու ոչ «Աթլետիկոն» էր ցնցումների մեջ, ու, թողեք մնամ համոզմունքին` չլիներ հոլանդիաներում խանութների ու վարսավիրանոցների ցանց ունեցող մրցավարի (էս ի՜նչ օրի հասանք) ավելացրած հինգ րոպեի շռայլությունը, Չեմպիոնների լիգան այլ չեմպիոն կունենար: Սա ասում եմ որպես մեկը, ով առանձնահատուկ թուլություն ունի Իկեր Կասիլյասի նկատմամբ, ում համար ընթացիկ մրցաշրջանը դրա նախորդի կեսի հետ մեկտեղ առանձնահատուկ լարված ընթացք ունեցավ, ու հայ-հայ է` բանը հասնում էր թիմից համաշխարհային ֆուտբոլի կենդանի լեգենդի հեռանալուն (լեգենդ չէ, բա ի՞նչ է` մարդն իր երեսուներեք տարեկանում հինգ անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահ):
Իհարկե, բաց թողած գոլի մեջ նրա մեղքը կար, բայց այդ ո՞վ է ասել, որ անսխալական մարդիկ կան աշխարհում: Պարզապես ցավալի կլիներ, որ «Ռեալի» հնարավոր պարտությունը կապվեր նրա անվան հետ` մարդու, ով շատ ու շատ բաներում է եղել արքայական ակումբի հաղթանակներն ապահովողը:
Գուցե թե ասելիքս հարցի քնարականության շարունակություն կարող է դիտվել, սակայն վերին նախախնամությամբ հենց Սերխիո Ռամոսը պիտի լիներ ակումբում ու ազգայինում իր ավագի պատիվը փրկողը, այն Սերխիո Ռամոսը, ով Չեմպիոնների լիգայի վերջին յոթ խաղում վեցերորդ գոլը խփեց: Այո, հենց նա պիտի խփեր ոսկե գոլը` «Ռեալին» հնարավորություն տալով խաղը տեղափոխելու լրացուցիչ խաղակես, որտեղ էլ, խնդրում եմ, ներեք կոպիտ համեմատությունս, կատարվեց մահամերձի հանձնումը հողին: Իսկ դա անելու համար առանձնապես մեծ բան չէր պահանջվում, քանզի «Աթլետիկոն» քամված էր վերջնականապես, ու տղաները հազիվ էին կանգնում ոտքերի վրա: Հարյուրմիլիոնանոց Գարետ Բեյլը ոսկե գնդակը խփեց, նրանից երկու անգամ թանկ արժեցող Քրիշտիանու Ռոնալդուն էլ ավարտական չորրորդ գոլի հեղինակը դարձավ, բայց, սույնը հիշելով, մենք ընդամենը վկայակոչում ենք սոսկական փաստը` էյֆորիայի մեջ մոռանալով, որ մինչև երջանկաբեր երկմասանոց լրացուցիչ խաղակեսն ավելի քան 300-միլիոնանոց այս տղաները դաշտում անճարակության մարմնացում էին: Իսկ եթե հանկարծ այնպես լիներ, որ խաղն ավարտվեր «Աթլետիկոյի» հաղթանակով, պատկերացնո՞ւմ եք` ինչ հաստությամբ շշի էին քաշելու այդ նույն Բեյլին ու Ռոնալդուին:
Վերացարկվելով ամեն ինչից` այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ «Աթլետիկոն» այդ խաղում դատապարտված էր պարտության: Հուզական բարձր լիցքի վրա չեմ կարծում, թե հնարավոր է երկու խաղ անընդմեջ հաղթել: Մի մոռացեք երկրի չեմպիոնության համար ընդամենը մեկ շաբաթ առաջ մադրիդցիների հանդիպումը «Բարսելոնի» հետ, որտեղ նրանք մինչև վերջ դրեցին ունեցած-չունեցածը: Հոգեկան ու ֆիզիկական այդպիսի սպառումից հետո` գումարած ընթացքում երեք ճակատով պայքարելը, պահեստայինների անհամեմատ կարճ նստարանը, հիմնական մրցակիցների համեմատությամբ սեփական ֆուտբոլիստների այնուամենայնիվ ավելի պակաս որակյալությունը, նրանց պիտի որ հարկադրեր հստակվելու` առաջնայնությունը տալիս են երկրի առաջնությունո՞ւմ, թե՞ Չեմպիոնների լիգայում հաղթելուն: Ակումբը, իմ համոզմամբ, որոշում կայացրեց հօգուտ առաջինի, իսկ երկրորդի առնչությամբ վճիռը մոտավորապես այսպիսին էր` կլինի՞` լավ, չի՞ լինի` ողբերգություն չէ:
Ինչ վերաբերում է «Ռեալին», նրանք մրցաշրջանի ավարտին մոտեցող շնչով էին արդեն կողմնորոշել` թիրախը Չեմպիոնների լիգան է, ու դեմքի փրկությունը հենց նա է: Հիշո՞ւմ եք` ինչ ինտենսիվությամբ էր Կառլո Անչելոտին խոսում գավաթը նվաճելու վճռականության մասին ու անընդհատ աչք էր կոխում տասներորդ անգամը: Բա՜: Միամիտ մարդ չկա այս աշխարհում: Փոքր Մհերին աչքս չկոխեք` նա առասպելական հերոս է (չիմանաք, թե առասպելն ու էպոսն իրարից չեմ տարբերում): Այսքանից հետո գոնե պա՞րզ է դառնում, որ հենց այնպես շրջանառության մեջ չդրվեց իտալացի Անչելոտիին արաբական «մատոռով» ֆրանսիացի Զինեդին Զիդանով փոխարինելու հնարավոր տարբերակը: Իհարկե` իրողությունների ոչ բարենպաստ դասավորվելու դեպքում:
«Ռեալը» հեղինակավոր այս խաղարկությունում հաղթեց, այո, տասներորդ անգամ, ու սա պատմության մեջ նմանը չունեցող ցուցանիշ է: Եթե հիշում եք, ակումբը եվրոպական գավաթը նվաճել էր մեկ էլ սրանից տասներկու տարի առաջ: Եթե մի փոքր թվաբանական գործողություններ անենք, դա անում է 2002 թիվը: Իսկ եթե հիշողություններս մի փոքր էլ լարենք, կտեսնենք, որ դրա հաջորդ տարում (նաև երկու տարի անց) գավաթն այդ նվաճել է «Միլանը»:
Հարց` իսկ ո՞վ էր այն ժամանակ իտալական ակումբի գլխավորը:
Կեցցեք` Անչելոտին:
Ասում եք` հղումներս, եթե տակը իմաստ եմ դրել, անուղղակի վկայություններ են ու տրամաբանական աղերսներ չունե՞ն: Ինչ ասեմ` ես ո՞վ եմ, որ ընդդիմանամ ձեր եզրակացություններին, բայց, մյուս կողմից էլ, դուք մի բռնացեք փոքր-ինչ այլ կերպ մտածելու իմ ազատության վրա: Գուցե ձեզ համար տասներկուսը սովորական թիվ է, մինչդեռ ես ավելի քան համոզված եմ, որ այն փուլային է: Կարծում եք պատահակա՞ն է, որ տարին ունի տասներկու ամիս, որ տասներկու տարին մեկ է փոխվում հորոսկոպի ամբողջական ցիկլը, որ նույնիսկ այնպիսի կենցաղային պարագայում, ինչպիսին է վարձով սպասքեղեն վերցնելը, տասներկու հատով են տալիս… Այնպես որ ձեզ հաջողություն, ինձ էլ` առողջություն, թեպետ պատրաստ եմ այդ երկուսի մեկտեղմանն ու հավասարապես իրար մեջ կիսելուն: Ախպերավարի:
Ողջ լերուք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ